«Ուզբեկհամերգ» պետական հաստատությունը մտադիր է կազմել այն երգերի ցուցակը, որոնք խորհուրդ են տրվում հարսանիքների համար, հայտնում է «Sputnik Ուզբեկստանը»:

Գերատեսչությունից ասել են, որ բոլոր ցանկացողները կարող են միանալ ցանկը կազմելուն՝ երգեր ուղարկելով, որոնք, նրանց կարծիքով, հարմար են հանդիսության համար:

«Ուզբեկհամերգը» խնդրում է առաջարկներն ուղարկել իր հասցեով կամ զանգահարել:

Հիշեցնենք, որ նախկինում «Ուզբեկհամերգը» կազմել էր արտիստների ցուցակը, որոնց խորհուրդ է տրում հրավիրել հարսանիքներին եւ այլ հադիսություններին: Յուրաքանչյուր արտիստի համար նշված էր ելույթի արժեքը:

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը միջոցներ է ձեռնարկում հարսանյաց հանդեսների չափերը սահմանափակելու համար: Նա կառավարության եւ շրջանների ղեկավարության ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ ճոխ հարսանիքները ընտանիքներ են սնանկացնում: Դրա հետ կապված երկրում պարբերաբար ցուցադրական «համեստ» հարսանիքներ են անցկացվում, որոնցից երիտասարդ զույգերը պետք է օրինակ վերցնեն: