Ամերիկացի երաժիշտ Փրինսի (1958-2016) The Black Album հազվագյուտ լիաֆորմատ ալբոմի պատճենը վաճառվել է ռեկորդային՝ 27,5 հազար դոլար գումարով: Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը, սա դարձել է աշխարհի խոշորագույն երաժշտական պորտալներից մեկի՝ Discogs-ի ռեկորդը: 

Պատճենը թվագրված է 1987 թվականով, չնայած The Black Album-ը պաշտոնապես ներկայացվել է միայն 7 տարի հետո՝ 1994 թվականին: Փրինսը դա պատճառաբանել էր նրանով, որ մտքի պայծառացում է ունեցել եւ հետաձգել է սկավառակի թողարկումը, իսկ արդեն տրագրված պատճենները հրամայել է ոչնչացնել:

«Ես հանկարծ գիտակցեցի, որ մենք կարող ենք ցանկացած պահի մահանալ, եւ մեզ կդատեն մեզնից հետո թողած վերջին գործով: Ես չէի ուզում, որ այս չար, խոցող իրը [The Black Album-ը] դառնար այդ վերջինը»,- անկեղծացել է նա Rolling Stone ամսագրի հետ հարցազրույցում:

Վաճառված սկավառակը հատուկ արժեք ունի նաեւ այն պատճառով, որ մտել է այն 500 հազար օրինակի մեջ, որոնք Փրինսը կարգադրել էր ոչնչացնել: Աշխարհում այդպիսի մի քանի պատճեն կա, եւ մեկը պահպանել էր Տորոնտոյի վինիլային սկավառակների ֆաբրիկայի աշխատակիցը, որն անանուն այն վաճառել էր կայքում միջնորդի միջոցով:

Փրինսի The Black Album-ը երբեք չի ունեցել պաշտոնական անվանում եւ պետք է վաճառվեր սովորական սեւ փաթեթով:

Discogs-ի նախորդ ռեկորդը նույնպես ալբոմի պատճեն էր սահմանել, որն անցյալ տարի վաճառվել էր 15 հազար դոլարով: