Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Հադրութի շրջանի «Նոր կյանք» հանգստի գոտում հանդիպել է Արցախի երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ։
Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով երիտֆորումի մասնակիցներին՝ պետական նախարարը նախ կարեւորել է երիտասարդների ակտիվ հանգստի ու ժամանցի կազմակերպումը, ապա ներկայացնելով առաջին կիսամյակի ընթացքում Արցախի տնտեսության զարգացման արդյունքները՝ նշել, որ այն շարունակում է բարձր մնալ, իսկ առաջին կիսամյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 16.4 տոկոս։ Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ հաջողություններ են արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր առաջատար ուղղություններում, իսկ առաջիկայում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որ հարկային բեռի էական իջեցման ու վարչարարության թեթեւացման միջոցով խթանվի փոքր ձեռնարկատերերի եւ ինքնազբաղվածների գործունեությունը։
Պատասխանելով երիտասարդներից մեկի այն հարցին, թե երբ կվերսկսվի գյուղական բնակավայրերում բնակարան կառուցելու համար կառավարության կողմից տրվող մինչեւ երեք միլիոն դրամ անհատույց դրամաշնորհների՝ արդեն տեւական ժամանակ չգործող ծրագիրը՝ Գ. Մարտիրոսյանը հայտարարել է, որ մինչեւ 2017 թ.-ը «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ» ընդունված բոլոր հայտերը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ամբողջությամբ կտրամադրվեն, ինչը հետագայում շարունակական կլինի։





























