«Օրինաց երկիր» կուսակցության թիմում, որը պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, ներկայացված են երիտասարդ մասնագետներ, որոնք ժամանակակից կրթություն են ստացել, աշխատանքային փորձ ունեն եւ դրա հետ մեկտեղ հանրային ակտիվություն են ցուցաբերել։ Այս մասին օգոստոսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ ներկայացնելով կուսակցության ցուցակը Երեւանի ավագանու ընտրություններին։

Շահգելդյանը որպես մեծ վաստակ նշեց նրանց մասնակցությունը հեղափոխական գործընթացներին։

«Նրանք ակտիվ դիրքորոշում եւ ապագայի վստահ տեսլական ունեն։ Մենք Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները դիտարկում ենք որպես թիմային աշխատանք ու գործունեություն։ Իհարկե, կարեւոր  է  նաեւ քաղաքապետի ընտրությունը»,–շեշտեց նա։

Շահգելդյանը հայտնեց նաեւ, որ ցուցակը կհրապարակվի առաջիկա ուրբաթ օրը։

Ավելի վաղ «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին: Կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Մենք ենք ու մեր Երեւանը» կարգախոսով: