Հյուսիսային Կորեան նախկինի պես լուրջ եւ անխուսափելի սպառնալիք է ներկայացնում։ Այս մասին նշված է Ճապոնիայի կառավարության 2018 թվականի «Պաշտպանության հարցերով սպիտակ գրքում», փոխանցում է AFP–ն։
Տոկիոն գտնում է, որ Փհենյանը շարունակում է «աննախադեպ լուրջ եւ անհետաձգելի սպառնալիք ներկայացնել Ճապոնիայի անվտանգության համար եւ կարող է զգալիորեն վնասել տարածաշրջանի եւ աշխարհի խաղաղությանը եւ անվտանգությանը»:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Իտունորի Օնոդերան ընդունում է փաստաթղթում, որ Հյուսիսային Կորեան երկխոսություն է սկսել իր նախկին թշնամիների՝ Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի հետ: «Սակայն մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ առ այսօր Փհենյանը տեղաբաշխել է մի քանի հարյուր հրթիռ, որի արդյունքում գրեթե ամբողջ Ճապոնիան գտնվում է նրանց գործողությունների շառավիղում», - ընդգծել է նախարարը:
Սպիտակ գրքում նաեւ հաստատվում են Ճապոնիայի մտահոգությունները Չինաստանի աճող ռազմական ծախսերի եւ ընդլայնվող ռազմական հավակնությունների շուրջ: Պեկինը փորձում է «պարտադրանքով փոխել ստատուս-քվոն»՝ հաշվի առնելով Հարավ–չինական ծովում վիճելի կղզիների շուրջ նրա ծովային գործունեության ընդլայնումը:





























