Փհենյանը Վաշինգտոնին նախազգուշացրել է ապամիջուկայնացման բանակցությունների ձախողման հնարավորության մասին, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրները:
Փհենյանի նամակն ուղղվել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Դրանում նշվում էր, որ Հյուսիսային Կորեայի կառավարությունը կարծում է, որ այս գործընթացը չի կարող առաջ շարժվել: «ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ քայլ անել խաղաղ համաձայնագրի ստորագրման համար»,- հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրները:
1950-1953 թվականների Կորեական պատերազմը ավարտվել էր հրադադարով, այլ ոչ թե՝ խաղաղության պայմանագրով, ինչի արդյունքում Միացյալ Նահանգները տեխնիկապես դեռ պատերազմական վիճակում են Հյուսիսային Կորեայի հետ:
Փհենյանը հասկացրել է, որ անհրաժեշտ է համարում պաշտոնապես վերջ դնել պատերազմական վիճակին, որը չափազանց կարեւոր է Կորեական թերակղզում լարվածության նվազեցման համար:
Ավելի վաղ Washington Post-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Հյուսիսային Կորեա՝ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի անունից «ռազմաշունչ» նամակ ստանալուց հետո:





























