Ամերիկացի միլիարդատեր եւ SpaceX տիեզերական ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ Լոս Անջելեսի տակ ստորգետնյա արագընթաց առաջին թունելը կբացվի դեկտեմբերի 10-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Հունիսի վերջին Մասկը հայտարարել էր թունելի կառուցման մեկնարկի մասին։ Verge–ի տեղեկությամբ՝ շինարարությամբ զբաղվում է The Boring Company–ն, որին համարում են Մասկի «հավակնոտ նախագիծը»։

«Առաջին թունելը համարյա պատրաստ է։ Այն կբացվի դեկտեմբերի 10-ին»,–գրել է Մասկը իր թվիթերյան միկրոբլոգում։ Մեկնաբանություններում նա նշել է, որ թեստային ռեժիմում թունելում կարելի կլինի 250 կիլոմետր ժամ արագություն բացել։

Մասկի պլանը նախատեսում է թունելի երկու ցանցի զուգահեռ կառուցում  Լոս Անջելեսի շրջանում եւ Արեւելյան ափի մայրաքաղաքային շրջանում։ Հաջորդ փուլում բացառված չէ Տեխասում կամ Սան Ֆրանցիսկոյում ստորգետնյա միջանցքի ստեղծումը։