Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանն այցելել է երկրում ընթացող ներդրումային համաժողովին, որը համաշխարհային բիզնեսի եւ քաղաքականության առաջատար ներկայացուցիչները բոյկոտել են՝ կապված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Գահաժառանգ արքայազնը, ում կասկածում են սպանության մասնակցության մեջ, համաժողովին է եկել օրվա երկրորդ կեսին: «Հրաշալի է, որքան շատ մարդ լինի, այնքան շատ փող կլինի»,- ասել է նա:

Երեքշաբթի Սաուդյան Արաբիան 50 մլրդ դոլարի համաձայնագիր է ստորագրել, ինչից հետեւում է, որ համաժողովն, ամեն դեպքում, կկարողանա ներդրումներ ներգրավել, չնայած Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում Խաշոգջիի սպանության շուրջ ծագած սկանդալին:

Միջոցառման 2 հազար մասնակիցներից շատերը թագավորության փաստացի առաջնորդին ծափահարություններով են ողջունել, իսկ նա գլխավոր դահլիճ մտնելիս ժպտում էր:

Էր Ռիադում ընթացող «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» համաժողովի բոյկոտումը կապված է Խաշոգջիի սպանության եւ այդ կապակցությամբ սաուդյան իշխանությունների հակասական հայտարարությունների հետ: Այսպես՝ միջոցառմանը մասնակցելուց հրաժարվել են ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը եւ ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդը, ինչպես նաեւ այնպիսի կորպորատիվ հսկաների ղեկավարները, ինչպիսին է JP Morgan Chase-ը:

Վրդովված միջազգային հանրությունը ստվեր է նետել համաժողովի վրա՝ կտրուկ կոնտրաստ ստեղծելով անցյալ տարվա առաջին միջոցառման հետ, որը արքայազն Մուհամմեդը կազմակերպել էր արտասահմանյան լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար, որպեսզի վերափոխի նավթային թագավորության տնտեսությունը: