«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Կապանի քաղաքապետի ընտրություններում բոլորովին այլ պատճառով պարտվեց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Կապանի ընտրությունների վրա իրենց անառողջ ազդեցությունն են թողել քրեական, քաղաքական եւ տնտեսական էլիտաները։
Նրա խոսքերով՝ Կապանի դեպքում դեր ունեցան երկու գործոն։ «Առաջինն այն է, որ Փաշինյանն աջակցեց ՔՊ թեկնածուին, երկրորդը՝ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելը, ինչը տեղացիները մեծ դժգոհությամբ ընդունեցին։ Ելնելով այս երկու գործոններից՝ կապանցիները կատարել են շատ ռացիոնալ ընտրություն, որը կապ չունի հակահեղափոխության հետ։ Մերժելով ՔՊ թեկնածուին՝ նրանք դրանով իսկ պատասխանել են Փաշինյանին։ Իհարկե, նա կարող է չհամաձայնել այն տեսակետի հետ, որ Սյունիքի բնակիչները գիտակցաբար են մերժել իր թեկնածուին՝ պատասխանելով մարզպետի նշանակմանը»,- նշեց Բադալյանը։
Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը չի կարող դա ընդունել, հակառակ դեպքում ստիպված կլինի հետքայլ անել, ինչը անել չի ուզում։ «Այդ պատճառով Կապանում ՔՊ-ի պարտությունը նա կապում է ինչ-որ քրեական տարրերի, նախկին իշխանությունների եւ հակահեղափոխության հետ, ինչը իրականությանը չի համապատասխանում»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։
Նա չի համարում, որ խորհրդարանում Փաշինյանի ուղերձը վտանգավոր էր, քանի որ խոսքը մեկ կոնկրետ քաղաքի մասին է, ոչ թե՝ երեւույթի։ «Եթե դա կրկնվի, ապա կարելի է ընդունել որպես վտանգավոր ուղերձ, սակայն քանի դեռ խոսքը մեկ կոնկրետ դեպքի մասին է, նման վտանգ չկա։ «Ուղղակի Փաշինյանը փորձեց իրականությանն այլ՝ իրեն հարմար մեկնաբանություն տալ։ Տվյալ պահին, դա վտանգավոր չէ»․- ասաց նա։




























