Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է հետեւեն չառճակատելուն, փոխադարձ հարգանքին եւ բախումներից խուսափեն, հինգշաբթի հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն՝ ելույթ ունենալով անվտանգության հարցերով Սյանշանի միջազգային համաժողովում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռազմական ոլորտում չին-ամերիկյան հարաբերությունները կարեւոր են ու միաժամանակ՝ զգայուն: Մենք պետք է ջանքեր ներդնենք կոնսենսուսի իրականացման համար, որը ձեռք էր բերվել 2 երկրների ղեկավարների կողմից: Մենք պետք է բախումներից խուսափենք, հետեւենք չհակազդելու սկզբունքներին, փոխադարձ հարգանքին, փոխշահավետ համագործակցությանը եւ միմյանց ընդառաջ գնանք»,- հայտարարել է Վեյ Ֆենհեն:

Նա կոչ է արել 2 երկրների բանակների հարաբերությունները դարձնել երկկողմ հարաբերությունների կայունության գրավականը:

Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները սրվել են, երբ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության պատճառով պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի նախապատրաստման եւ հանդերձավորման դեպարտամենտի եւ դրա ղեկավար Լի Շանֆուի դեմ: