Սաուդցի սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիի ավագ որդի Սալահն ընտանիքով հեռացել է Սաուդյան Արաբիայից այն բանից հետո, երբ հանվել է երկրից նրա դուրս գալու արգելքը՝ տեղեկացնում է Human Rights Watch-ը։ «Սալահը եւ նրա ընտանիքը ինքնաթիռում Վաշինգտոնի ճանապարհին են»,- AFP-ին ասել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով HRW-ի դիտորդական խորհրդի գործադիր տնօրեն Սառա Լիա Ուիթսոն։
Սալահը երկքաղաքացիություն ունի։ Հիմա նա կարող է միանալ ԱՄՆ-ում ապրող իր եղբայրներին եւ քույրերին։
Հիշեցնենք, որ սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։ Սակայն հոկտեմբերի 25-ին սաուդյան դատախազը հայտնել էր, որ Խաշոգջիին կանխամտածված սպանել են։ Լրագրողի մարմինը դեռեւս չի գտնվել։ Ասում են, թե նա թաղվել է գլխավոր հյուպատոսի առանձնատան բակում։




























