«Սասնա ծռեր» կուսակցությունը Հայաստանում  զրոյական ռեյտինգ ունի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում շատ քիչ բնակավայրերում մարդիկ գիտեն «Սասնա ծռերի» մասին, եւ նրանք, ամենայն հավանականությամբ խորհրդարան չեն մտնի:

Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, բացի «Ելք»-ից խորհրդարան կմտնեն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը,  ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը:

Սոցիոլոգի կարծիքով՝ դեկտեմբեր ամիսը շատ վատ ժամանակահատված է արտահերթ խորհրդարանական ընտրություներ անցկացնելու համար:

«Հեղաշրջում իրականացրած ուժը շտապում է, քանի որ վախենում է, որ էյֆորիայի ալիքը նվազի եւ իրենք չեն կարողանա հասնել այն նպատակներին, որը դրել են: Դեկտեմբերը անհաջող ամիս է  ցանկացած ընտրությունների համար.  ձմեռ է, ձյուն է, մարդիկ համայնքներում չեն գնա ընտրության , եղանակային պայմանները  կազդեն ընտրողների ակտիվության վրա»,-ասաց նա՝ նկատելով, որ այս ընտրություններում տատանվող ընտրողների քանակը մեծ է լինելու:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ական գյուղապետերին աշխատանքից ազատելով իշխանությունը ընտրություններին հնարավոր է փաստի առաջ կանգնի:

«Փաշինյանը հետքայլ է անում , քանի որ հասկանում է, որ կորցնում է իշխանությունը»,-նշեց նա:

Սոցիոլոգի կարծիքով՝ այս նգամ կաշառքի գործոնը չի ազդի ընտրությունների արդյունքների վրա:

«Մեր տվյալներով կաշառքի եւ աջակցության համար կարող են 6-7 տոկոս ձայն տալ, անհնար է 500-600 հազար ձայն գնել, էդքան փող չկա»,-նշեց նա: