Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայից պահանջել է ցույց տալ սպանված լրագրող  Ջամալ Խաշոգջիի մարմինը, փոխանցում է Anadolu–ն։

«Խաշոգջին սպանվել է, և դա խոստովանել են։ Որտե՞ղ է դին։ Սաուդյան կողմը պետք է նրա դին ցույց տա թուրքական կոմիբ»,–ասել է Էրդողանը։

Նա նաև հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը հոկտեմբերի 28-ին կժամանի Թուրքիա, որտեղ բանակցություններ կվարի Ստամբուլի գլխավոր դատախազի հետ։

Էրդողանը նաև նշել է, որ Էր Ռիադը պետք է բացահայտի «տեղի համագործակցի» ինքնությունը, որը իբր ընդունել է Խաշոգջիի դին այն բանից հետո, երբ լրագրողը հոկտեմբերի 2-ին սպանվել է Ստամբուլի հյուպատոսությունում։ Նա նշել է, որ Թուրքիան այլ «տվյալներ ու ապացույցներ» ունի Խաշոգջիի սպանության մասին, և վերջիվերջո կհրապարակի այդ տեղեկությունը։  

Հիշեցնենք, որ սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։ Սակայն հոկտեմբերի 25-ին Սաուդյան Արաբիայի դատախազը հայտնել էր, որ Խաշոգջիին կանխամտածված սպանել են։ Լրագրողի մարմինը դեռեւս չի գտնվել։ Ասում են, թե նա թաղվել է գլխավոր հյուպատոսի առանձնատան բակում։