Ռուսաստանն ուզում է օգնություն ստանալ ԱՄՆ-ից՝ ամերիկյան տնտեսության մեջ հաջողություններից հետո։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ Իլինոյս նահանգում իր համախոհների հետ հանդիպման ժամանակ՝ տեղեկացնում է NBC-ն։
Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության տարիներին զարգացրել է ամերիկյան տնտեսությունը, ինչի հետ կապված՝ շատ երկրներ են ուզում ԱՄՆ-ից օգնություն ստանալ։ «Ռուսաստանը տնտեսական առումով մեր օգնությունն է ուզում, որովհետեւ մենք հասել ենք այսպիսի հարստության, եւ ես, իսկապես, լավ աշխատանք եմ կատարել՝ 11,7 տրլն դոլարի։ Ռուսաստանն է ուզում մեր օնությունը, բոլորն են ուզում մեր օգնությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Մեկնաբանելով հուլիսին Հելսինկիում Պուտինի հետ հանդիպումը՝ Թրամփը նշել է, որ ՌԴ նախագահի հետ հարաբերություններում «ամեն ինչ գերազանց» է։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահը կրկին հանդիմանել է Գերմանիային, որ նա Ռուսաստանին գազի համար «ամսական միլիարդավոր դոլարներ» է վճարում այն դեպքում, երբ «Եվրոպան ուզում է, որ մենք իրեն եւ Գերմանիային պաշտպանենք Ռուսաստանից»։




























