Եգիպտոսի նախկին նախագահ Խոսնի Մուբարաքին, ով 2011թ․ հակակառավարական ցույցերի ճնշման ներքո հեռացել էր իր պաշտոնից, դատարան են կանչել՝ վկայություն տալու Եգիպտոսի մեկ ուրիշ նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի գործի հետ կապված՝ տեղեկացնում է Al-Youm Al-Sabaa-ն։
Կահիրեի քրեական դատարանի ներկայացուցչի խոսքերով՝ «բանտից փախչելու» գործի (որով մեղադրվում է Մուրսին) հետ կապված դատական քննությունը հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 7-ը։
Բացի այդ, նա ասել է, որ դեկտեմբերի 2-ին նշանակված դատական լսումների ժամանակ որպես վկա հանդես կգա Խոսնի Մուբարաքը։
Մուրսին եւ «Մուսուլման եղբայրներ» շարժման մյուս ղեկավարները փախել էին բանտից, հարձակումներ գործել ոստիկանության վրա եւ սպանել նրանցից մի քանիսին, ինչպես նաեւ անկարգություններ հրահրել երկրում, ինչի հետեւանքով 2011թ․ հունվարին այն ժամանակ երկրի ղեկավար Խոսնի Մուբարաքը հրաժարական էր տվել։
2013թ․ գարնանը Կահիրեում բազմահազարանոց հանրահավաքների մասնակիցները պահանջեցին Մուրսիի հրաժարականը, ով այն ժամանակ արդեն երկրի նախագահն էր։ Նույն թվականի հունիսի 30-ին զինվորական հեղաշրջման հետեւանքով Մուրսին հեռացվեց պաշտոնից, իսկ որոշ ժամանակ անց ձերբակալվեցին «Մուսուլման եղբայրների» բոլոր ղեկավարները, իսկ շարժումը ներառվեց ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։




























