Ինդոնեզիայի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Lion Air ավիաընկերության կործանված օդանավում են եղել գերատեսչության 20 պաշտոնյաներ, հայտնում է Jakarta Post-ը:
Երկրի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Նուֆրանսա Վիրա Սակտին հայտարարել է, որ ուղեւորների թվում են եղել Պետական ակտիվների եւ աճուրդների ծառայության (KPKNL), ինչպես նաեւ Պետական գանձարանի ծառայության (KPPN) աշխատակիցներ:
Lion Air բյուջետային ավիաընկերության Boeing 737 MAX օդանավը, որը կատարում էր Ջակարտայից Սումատրա կղզի չվերթը, Ինդոնեզիայի մայրաքաղաքի օդանավակայանում օդ էր բարձրացել տեղական ժամանակով 06.20-ին եւ ռադարներից անհետացել էր 06.33-ին: Արեւմտյան Ճավայի ափերի մոտ ծովում օդանավի խոշոր բեկորների առկայության մասին առաջին տեղեկությունները Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների կանխման եւ աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալությունը ստացել է աղետի շրջանում գտնվող քաղաքացիական նավերի անձնակազմերից: Աղետի պահին օդանավում եղել է 181 մարդ, 2 օդաչու եւ անձնակազմի 6 անդամ:




























