Հայաստանում դատավորները սոցիալական ապահովության ոչ մի երաշխիք չունեն: Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:

Հարությունյանը շեշտեց, որ դատական համակարգում կան մեծ թվով հրաշալի, գերազանց պատրաստված, հայրենասեր դատավորներ: «Հույս ունեմ, որ նրանց օգնությամբ կհաջողվի շտկել համակարգի ծանր վիճակը: Սակայն կան նաեւ անձնական բնութագրերով ուղղակիորեն հակառակ դատավորներ»,- արձանագրեց Գագիկ Հարությունյանը:

Խոսելով դատարանների շենքերի վիճակի մասին՝ Հարությունյանը նշեց, որ շենքերի գերակշիռ մեծամասնությունը վատ վիճակում է. «Մի քանի տարի առաջ 11 մլն-ի վարկ վերցվեց, մի քանի շենքեր կառուցեցին, իսկ հիմնական մասը ինչպես կար, այդպես էլ մնաց»,- հիշեցրեց ԲԴԽ նախագահը: Նրա կարծիքով՝ համակարգի կատարելագործման համար ծախսված միջոցները կփոխհատուցվեն մի քանի տարում՝ հաշվի առնելով, որ հիմա վիթխարի միջոցներ են ծախսվում կապի միջոցների վրա, իսկ էլեկտրոնային արդարադատության նորդրումը թույլ կտա մեծ չափով տնտեսել:

Հարությունյանը հիշեցրեց, որ դրանից բացի, Դատարանի շենքն ինքը պետք է քաղաքացիներին զգացում ներշնչի, որ այստեղ արդարադատություն է իրականացվում: Ներկայիս վիճակում գտնվող շենքերն առաքելության այս մասը չեն կատարում: Միաժամանակ, իրենք դատավորները սոցիալական ապահովության երաշխիքներ չունեն: Իսկ առանց դրա լիարժեք արդարադատության իրականացումը խնդրահարույց է, նշեց Հարությունյանը: