Մոսկվան, Լոնդոնը, Պեկինը, Վաշինգթոնը եւ Փարիզը չեն ստորագրի Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը (ՄԶԱՊ)։ Այս մասին ասված է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի առաջին կոմիտեի համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
«Մենք չենք սատարելու, ստորագրելու կամ վավերացնելու այդ պայմանագիրը: ՄԶԱՊ–ն չի ունենա պարտադիր բնույթ մեր երկրների համար։ Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, որոնք դիտարկում են ՄԶԱՊ–ի սատարելու հարցը, լուրջ մտածեն միջազգային խաղաղության եւ անվտանգության համար դրա հետ կապված հետեւանքների մասին»։
Կողմերը խստորեն գտնում են, որ առանց միջուկային զենքի աշխարհին հասնելու լավագույն միջոցը փուլային գործընթացն է, որը հաշվի է առնում միջազգային անվտանգության ոլորտում իրավիճակը։
Մոսկվան, Լոնդոնը, Պեկինը, Վաշինգթոնը եւ Փարիզը գտնում են, որ ՄԶԱՊ–ն հակասում է Միջուկային զենքի չտարածման համաձայնագրին եւ դրա տապալման ռիսկեր է պարունակում։ Հնգյակը կարծում է, որ փաստաթուղթը անտեսում է միջազգային անվտանգության եւ տարածաշրջանային մարտահրավերների ոլորտում իրավիճակը, ինչպես նաեւ ոչ մի կերպ չի նպաստում պետությունների միջեւ վստահության եւ թափանցիկության ավելացմանը եւ չի հանգեցնի ոչ մի միավոր զենքի ոչնչացման:




























