Անհամեմատ ավելի լավ կլիներ եւ քաղաքական առումով էլ ճիշտ կլիներ, որ նոր Ընտրական օրենսգիրքը ընդունվեր։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
«Չեմ կարողանում տրամաբանություն գտնել ՀՀԿ այն պատգամավորների գործելաոճում, որոնք մինչեւ օրս նման մերժողական տրամաբանությամբ են առաջնորդվում, որովհետեւ նոր իրողություն է Հայաստանում եւ միանշանակ ավելի ճիշտ կլիներ, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնայինք նոր Ընտրական օրենսգրքով»,–ասաց նա։
Էնֆիաջյանը վստահեցրեց, որ ոչ միայն ընդդիմադիր գործիչները, այլեւ Հանրապետականներն են ասել, որ գործող Ընտրական օրենսգիրքը կիրառության մեջ խնդիրներ է առաջացնում. «Անցած ընտրություններից անմիջապես հետո բոլոր քաղաքական ուժերը արձանագրեցին, որ այն ռիսկերը, որոնք գնահատում էին, կիրառության մեջ արտացոլվեցին։ Նոր իրողություններում, միգուցե, առավել մեղմվեն»։
Նա հիշեցրեց, որ իրենց կուսակցությունը, ինչպես նաեւ ՀՅԴ–ն ներկայացրել էին Ընտրական օրենսգրքի իրենց նախագծերը, որտեղ ամրագրված էր անցումը ամբողջական համամասնական ընտրակարգի։
Ամենակարեւոր հանգամանքը Էնֆիաջյանը համարում է որակապես նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելը։
«Ծառուկյան» խմբակցության քարտուղարը շրջանցեց հարցը՝ արդյոք խորհրդարանում ներկայացված իրենց 31 պատգամավորները չե՞ն արտահայտում ժողովրդի տրամադրությունները։ Նա ասաց, որ խոսքը ՀՀԿ–ի մասին է. «Ներկայիս խորհրդարանի մեծամասնությունը չի արտահայտում ժողովրդի մեծամասնության տրամադրությունները, իսկ ներկայիս խորհրդարանի մեծամասնությունը ՀՀԿ–ն է»։
Հիշեցնենք, որ 62 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն այսօր Աժ–ում չի ընդունվել։




























