Ես չեմ մեկնաբանել մի տրիվիալ պատճառով, ոչ մեկ չի հարցրել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչու չի  մեկնաբանել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հայտարարությունը:

ՀՅԴ խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց Փաշինյանին՝ մեջբերելով Ջոն Բոլթոնի խոսքը. «Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետեւ կարծում ենք, որ Մերձավոր Արեւելքում եւ ողջ աշխարհով մեկ նրանց վարքագիծը չարամիտ է եւ պետք է փոխվի: Մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում, ուստի կարծում եմ, որ Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ զրույցը շատ կարեւոր կլինի»:

Այնուհետեւ Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց. «Ինչու կառավարությունը որեւէ կերպ գնահատական չտվեց Ջոն Բոլթոնի եւ հեռացող դեսպան Միլի հայտարարություններին: Արդյոք Արդյոք Բոլթոնի հետ առանձնազրույցում քննարկվել են Հայաստա-Իրան հարաբերությունների մակարդակի փոփոխության հարցը եւ դա որեւէ կերպ կապ կունենա՞ ՀՀ-ում ամերիկյան ուղիղ ներդրումների ավելացման հեռանկարի վրա»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այնպիսի տպավորություն է, որ եթե ինչ-որ մի օտարերկրյա պաշտոնյա որեւէ հայտարարություն է անում, բոլորն այդ հայտարարությունները սկսում են քննարկել, հետեւություններ անել եւ վերագրել Հայաստանի կառավարությանը դիրքորոշումներ, որոշումներ, խոստումներ: Ոչ մեկ չի մտածում… ես ինչքան հիշում եմ, նույնիսկ մամուլի քարտուղարից ոչ մեկը չի հարցրել այդ հայտարարությունների կապակցությամբ ինչ եք ասում: Բոլորն ամեն ինչ որոշել են, բոլորի համար ամեն ինչ պարզ է»,- ասաց Փաշինյանը:

Նա նաեւ նշեց, որ Հայաստանը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր երկրի հայտարարությանը, եւ յուրաքանչյուր երկրի ազգային եւ պետական շահերին, բայց ՀՀ-ն ունի իր ազգային եւ պետական շահերը, որոնք միշտ չէ որ կարող են համընկնել որեւէ երկրի շահերի եւ պատկերացումների հետ. «ՀՀ կառավարությունը հենվել է, հենվում է եւ շարունակելու է հենվել Հայաստանի ազգային շահերի վրա: Որեւէ մեկը չկասկածի, որ մենք հարյուր տոկոսով մեր գործողությունները կառուցում ենք Հայաստանի ազգային շահերի հենքի վրա. եւ ԱՄՆ-ի հետ, եւ Իրանի, եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում, բոլոր երկրների հետ հարաբերություններում: Այնպես որ, բոլորին կոչ եմ անում որեւէ հայտարարություն չվերագրել ՀՀ կառավարությանը, եթե  հայտարարության հեղինակը կառավարությունը չէ:

Այն հայտարարությունը որ դուք արեցիք, որ մենք պետք է առանձնահատուկ հարաբերություններ ունենանք  Իրանի եւ Վրաստանի հետ, որոնք հնարավորինս դուրս կլինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, ես վերահաստատում եմ այդ դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը շատ հստակ ձեւակերպվել է պարոն Բոլթոնի հետ իմ ունեցած հանդիպման ընթացքում: Կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշումը ԱՄՆ  պատվիրակության ներկայացուցիչների համար  եղել է պարզ, ընկալելի  եւ նույնիսկ ընդունելի»: 

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը հարգանքով է վերաբերում այլ երկրների շահերին եւ նույնը ակնկալու է նրանցից. «Եթե կպարզվի, որ դա այնքան էլ այդպես չի, մենք բոլոր իրավիճակներում կլինենք համարժեք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանն անսա ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կոչին եւ ԱՄՆ-ից եւս զենք-զինամթերք գնի, պատասխանել էր. «Կառավարությունը որեւէ բանով սահմանափակված չէ: Եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, մենք կքննարկենք»:

Փաշինյանն անդրադարձել էր նաեւ Ջոն Բոլթոնի հայտարարությանը, թե ԱԺ ընտրություններում հաղթելուց եւ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել Արցախի հարցում, քանի որ դա հնարավորություն կտա իրեն առաջնորդություն ստանձնել: Նա նշել էր. «Ամեն մեկը կարող է խոսել  իր անունից։ Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, եւ Ջոն Բոլթոնը, եւ ընդհանրապես որեւէ մեկը չի կարող խոսել իմ անունից: Այո, ընտրվելը հնարավորություններ կտա, բայց ես ասել եմ, որ չի կարող լինել որեւէ լուծում, որը ընդունելի չի լինի Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների եւ Արցախի իշխանությունների համար: Հարցի գլոբալ կարգավորման առումով հասկանում ենք, որ որեւէ լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար: Որեւէ լուծման պարագայում մենք պետք է լինենք հրապարակային»:

Բոլթոնը կոչ է արել Հայաստանին հրաժարվել «պատմական կաղապարներից»

Բոլթոնը Փաշինյանի հաղթանակի դեպքում Ղարաբաղի հարցով վճռական քայլեր է ակնկալում