Հայաստանի տնտեսության կառուցվածքի խնդիրն այն է, թե քանի մարդ է արդյունք ստեղծում, եւ քանի մարդ է սպառում այդ արդյունքը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանում կա մոտ 550 հազար աշխատող, որից 244 հազարն աշխատում է բյուջետային համակարգում. «Ստացվում է, որ մենք մասնավոր հատվածում ունենք մոտ 350 հազար աշխատող, առանց գյուղատնտեսության: Սրան գումարենք նաեւ 50-60 հազար անհատ ձեռներեց: Այսինքն մեր երկրում առաջնային արդյունք ստեղծում է 400 հազար մարդ եւ այդ 400 հազար մարդը, կոպիտ ասած, պահում է 800 հազար մարդու:

Այդ 800 հազարից 500 հազարը թոշակառուներն են, մոտ 200 հազար բյուջետային հիմնարկների աշխատողներն են, նաեւ նպաստառուներ ունենք:

«Այս խնդիրը պետք է լուծենք: Այս աշխատողների մի մասը ստվերում է, մյուս մասին էլ մենք ամենինչ անում ենք, որ չաշխատեն ու արդյունք չստեղծեն: Սա մեր երկրի անկյունաքարային խնդիրն է»,-ընդգծեց Փաշինյանը: