Նիդերլանդների Հանուն ազատության և դեմոկրատիայի ժողովրդական կոալիցիոն կուսակցության (VVD) պատգամավորը կոչ է արել նախարարին հրաժարվել ապաստան հայցողներին երկրում մնալու հնարավորություն շնորհելու իր արտոնյալ իրավունքից: Այս մասին հայտնում է հոլանդական Dutch News լրատվամիջոցը: 

VVD պատգամավոր Մալիկ Ազմանին ասել է, որ ներկայիս համակարգը քաղաքական գործիչներին չափազանց մեծ ճնշման տակ է դնում` ստիպելով հաշվի չառնել դատարաններին, հատկապես հայազգի երեխաների` Հովիկի և Լիլիի դեպքում:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Մարկ Հերբերսը Հովիկին ու Լիլիին, որոնք արդեն 10 տարի էր, ինչ բնակվում էին Նիդերլանդերում, սեպտեմբերին թույլ է տվել մնալ երկրում և չարտաքսվել Հայաստան` իրենց մոր մոտ:

Պատգամավորը Telegraaf-ին ասել է, որ վերջին խոսքը պետք է դատավորներինը լինի, որպեսզի կամայական որոշումներից զերծ մնան: «Հնարավոր չէ պարզել, թե ով ինչ նպատակով է ուզում մնալ»,- ասել է նա:

Նա շեշտել է, որ չի քննադատում իր կուսակից գործընկեր Հերբերսի որոշումը, որն իր պաշտոնավարման առաջին իսկ տարում արդեն հասցրել է 59 անգամ օգտվել իր այդ արտոնությունից. նրա նախորդ նախարարը` Կլաաս Դեյքոֆը երկու տարում 780 նմանատիպ գործերից 240-ին մնալու իրավունք է շնորհել:

Վարչապետ Մարկ Ռյուտեն էլ Լիլիի ու Հովիկի գործից հետո հայտնել է, որ կառավարությունը մտադիր չէ երեխաների համաներման կանոնները փոխել` չնայած ընդդիմադիր պատգամավորների, հայտնի մարդկանց և իրավապաշտպան կազմակերպությունների կոչերին: