Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Միխայիլ Գիորգաձեն  Նեպարուուլի գյուղի (Կախեթի շրջանի) մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո արդեն 3-րդ օրն է գիտակցության չի գալիս:  Sputnik Georgia-ին այս մասին հայտնել է  Թբիլիսիի բարձր բժշկական տեխնոլոգիաների կենտրոնի (Ինգորկովի համալսարանական կլինիկա) մամուլի ծառայության աշխատակիցը:

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին: Գիորգաձեին բազմաթիվ կոտրվածքներով հոսպիտալացրել են Թելավի կլինիկա, իսկ հետո Թբիլիսի տեղափոխել:

«Նա մնում է վերակենդանացման բաժանմունքում, արհեստական շնչառության սարքին միացված: Նրա վիճակը կայուն է, բայց ծանր: Նա կողոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ ունի, թոքերի եւ գլխուղեղի վնասվածքներ: Կանխատեսումը դրական է, բայց հիվանդի վիճակը դեռ ծանր է», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նախնական տվյալների Գիորգաձեն, մեքենայում մենակ էր: Մեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:

Քրեական գործը հարուցվել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների խախտում կամ տրանսպորտի շահագործում» հոդվածով: