ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի «Կայացում» կոչվող հուշագրությունը աշխարհի մի շարք երկրներում բեթսելեր է դարձել, ԱՄՆ–ում եւ Կանադայում առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 1,4 մլն տպագիր եւ թվային պատճեն, հայտնում է Associated Press–ը։

Crown Publishing Group հրատարակչատան հաղորդագրության մեջ նշված է, որ վաճառքի առաջին օրը իրացվել է գրքի 725 հազար պատճեն։

Հրատարակչատնից նաեւ հայտարարել են, որ Միշել Օբամայի հուշագրությունը Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Դանիայում եւ Ֆինլանդիայում մեծահասակ լսարանի համար նախատեսված գրքերի հանրաճանաճության վարկանիշում առաջին տեղն է գրավում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միշել Օբամայի հուշագրությունը կունենա «Կայացում» անվանումը (Becoming) եւ կհրապարակվի նոյեմբերի 13–ին։