Կային որոշակի օբյեկտիվ պատճառներ, օրինակ՝ ժամանակի սղությունը, քանի որ մինչեւ վերջին պահը սփյուռքում չգիտեին՝ կանցկացվի արդյոք հեռուստամարաթոն, թե ոչ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսին հայտարարել է Սփյուռքի նախարարի պաշտանակատար Մխիթար Հայրապետյանը՝ մեկնաբանելով «Հեռուստամարաթոն 2018»–ի արդյունքները, որի ժամանակ ավելի քիչ գումար է հավաքվել, քան նախորդ տարի։

Միաժամանակ, նա խոստովանել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը որոշակիորեն թերացել է սփյուռքի հետ իր աշխատանքում, եւ հատկապես՝ բավարար աշխատանք չեն կատարել իրազեկման եւ համակարգման մասով։

Նրա խոսքով՝ նախարարության եւ կառավարության առաջ սփյուռքի հետ հարաբերությունների առողջացման խնդիր է դրված, քանի որ չի կարելի հույսը դնել միայն հետհեղափոխական էյֆորիայի վրա։

«Հարկավոր են խորքային քայլեր, որոնք փոխելու են տրամաբանությունը։ Խոսքը կոնկրետ այն հարցադրման մասին է, թե Հայաստանն ինքն ի՞նչ է պատրաստվում անել սփյուռքի համար։ Արյդյոք միայն շարունակելու ենք ակնկալել սփյուռքից օժանդակություն, աջակցություն, թե՞ Հայաստանը որոշակի դերակատարում ստանձնելու է սփյուռքում առկա խնդիրների լուծման հարցում»,–պարզաբանել է նախարարի պաշտոնակատարը։

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթնի ժամանակ հավաքվել է 11 106 633 դոլար։ Նախորդ տարի հավաքվել էր 12 505 456 դոլար։

«Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում հանգանակվել է 11 մլն 106 հազար դոլար