ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր՝ նուեմբերի 24-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման փաստ է գտել։
Նա հրապարակել է մի լուսանկար, որտեղ երևում է՝ ինչպես է երթին ուղեկցող շտապօգնության մեքենայի դռնից ամրացված «Իմ քայլը» շարժման դրոշը։
«Ձախից քարոզչական դրոշ է շտապ օգնության մեքենայի վրա։ Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի քարոզչությու՞ն։ Չէ, չենք լսել ...», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:
Դրանից որոշ ժամանակ անց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հրապարակել է նույն շտապօգնության մեքենան, որի վրայից հանված են դրոշները՝ գրելով. «Շտապօգնության մեքենայի վրա դրված դրոշները հանված են։ Դնողները նկատողություն կստանան, քանի որ պետական միջոցները չեն կարող օգտագործվել քարոզչության համար»:





























