Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Քաստաները պատմել է,որ «դեղին բաճկոններ» անունը կրող բողոքի շարժման կողմնակիցները հարձակում են գործել երկրի հարավում գտնվող իր տան վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ագրեսիվ գործողություններ են եղել, հարձակում են գործել, ռասիստական, հակասեմիթական հարձակումներ։ Իր հերթին, «դեղին բաճկոնները» երեկ՝ հինգշաբթի հարձակում են գործել իմ տան վրա, որտեղ ապրում են կինս ու դուստրս»,–հայտարարել է ՆԳ նախարարը։
Ֆրանսիայում վառելիքի գների բարձրացման դեմ զանգվածային ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ին։ ՆԳՆ տվյալներով՝ անցյալ շաբաթ բողոքի ցույցերին մասնակցել են ավելի քան 287 հազար մարդ։ Շարժումը ստացել է «դեղին բաճկոններ» անվանումը վարորդների պարտադիր բաղադրիչի՝ լուսարձակող բաճկոնի պատճառով։
Ցույցերի 2-րդ զանգվածային ալիքը, որն անցկացվում է շաբաթ օրը Փարիզում, ուղեկցվել է ոստիկանության հետ ցուցարարների բախումներով։





























