Եվրոպական միությունը «որպես մեկ ամբողջականություն կանգնած է Կիպրոսի կողքին»՝ հայտարարել է ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը։

Նրա խոսքերով, ԵՄ-ն սպասում է, որ Թուրքիան կհարգի Եվրամիության անդամ-երկրի ինքնիշխան իրավունքները, եւ Բրյուսելը ուշադիր կհետեւի իրավիճակին։

Ավելի վաղ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը Միջերկրածովյան շրջանի արեւելյան մասում «անօրինական գործողությունների աննախադեպ սրման» համար քննադատել էր Թուրքիային՝ հայտարարելով, որ Անկարայի գործողությունները հավասարազոր են նոր ներխուժման։

ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային արդեն կոչ է արել չեղարկել Կիպրոսում հորատման ծրագրերը՝ Անկարային մեղադրելով Միջերկրածովյան տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու մեջ։

Ծովային հանքավայրում եւ Կիպրոսի ԲԳՏ-ում հայտնաբերվել են բնական գազի մեծ հանքավայրեր։ 2011-ին ամերիկյան Noble Energy ընկերությունը, մասնավորապես, հայտնաբերել էր «Աֆրոդիտե» գազավայրը, որի պաշարները գնահատվում են մոտ 140 մլրդ խորանարդ մետր։ Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, շրջան է ուղարկել հորատող «Ֆաթիհ» նավը, որը շաբաթ օրվա առավոտից գտնվում է ԲԳՏ-ում։ Թուրքիան հայտարարում է, որ հորատումը կտեւի չորս ամիս, մինչեւ սեպտեմբերի 3-ը։