Հյուսիսային Կորեան հաստատել է պաշտպանական զորամասերի՝ հարվածային միջոցներով տարբեր հեռահարության կրակային հարված հասցնելու զորավարժությունների մասին տեղեկությունը։ Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը ղեկավարել է արձակումները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը։
«Ընկեր Կիմ Չեն Ընը մայիսի 9-ին ղեկավարել է Կորեական ժողովրդական բանակի պաշտպանական զորամասերի զորավարժությունները առաջնագծում եւ արեւմտյան ճակատում»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Նշվում է, որ «գերագույն ղեկավարը հրամանատարական կետում ծանոթացել է զորավարժությունների պլանին եւ հրամայել սկսել զորավարժությունները», ինչից հետո արկերը «խլացնող աղմուկով սկսել են հատել օդը դեպի նշված թիրախների ուղղությամբ»։
Որպես թիրախ նշված էր «Կորեայի ժողովրդական բանակի պաշտպանական զորամասերի թեստավորումն ու ստուգումը առաջնագծում եւ արեւմտյան ճակատում՝ արագ արձագանքման նպատակով, կրակային հարձակման մանեւրի ներառմամբ»։ Գործակալության հաղորդագրությունում չի նշված, թե հատկապես ինչ արկեր են արձակվել թեստավորման ընթացքում։
Հարավկորեացի զինվորականները նախօրեին տեղեկացրել են, որ Հյուսիսային Կորեան իրականացրել է փոքր հեռահարության հթրիռների արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ։ Առաջին հրթիռի հեռահարությունը կազմել է 420 կիլոմետր, երկրորդինը՝ 270։ Նշվել է, որ արձակումն իրականացվել է Փհյոնան-Պուկտո նահանգից։ Նոր արձակումը Փհենյանն իրականացրել է նախորդ փորձարկումից մի քանի օր հետո։





























