Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 10-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չիլիի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2014-ին Չիլի պաշտոնական այց է կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որի շրջանակներում երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: 2015թ. ապրիլի 14-ին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ:
2016թ. մայիսին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատն ընդունեց բանաձեւ, որը դատապարտում էր ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ իրագործված ադրբեջանական ագրեսիան եւ կոչ անում դադարեցնել այն:
Նշվում է, որ այս համաձայնագրի Հաստատման արդյունքում Չիլիի հետ հարաբերություններում ակնկալվում է առավել սերտ համագործակցության ծավալում, բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2018 թվականի ապրիլի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չիլիի Հանրապետության Կառավարության միջեւ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի հաստատումը ՀՀ վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է։





























