Նիկոլ Փաշինյանի ելույթը մամուլի առջեւ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ շատ կետեր, որոնք հնչեցրեց Փաշինյանը, կապ չունեն կառավարության գործունեության հետ եւ ձեռքբերումներ չեն։ «Օրինակ, Նիկոլ Փաշինյանի հավաստիացումները, թե դիվանագետների նշանակումն այլեւս քաղաքական չէ, չի կարելի ձեռքբերում համարել։ Նույն կարգի մեջ է մտնում հայտարարությունը, թե վարչապետի ավտոշարասյունը կարմիր լույսի տակ կանգնում է»,- ասել է նա։

Պատգամավորն ավելացրել է, որ  Փաշինյանի որոշ հայտարարություններ այն մասին, թե կառավարությանը հաջողվել է այս կամ այն նորմերը մտցնել առաջին անգամ, հարցեր են առաջացնում։ «Երբ նա ասում է, որ վերջին խորհրդարանական ընտրությունները միակն են, որոնք չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում, ուզում ես հիշել 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունները։ Այդ ընտրությունները նույնպես ոչ ոք չի վիճարկել։ Նիկոլ Փաշինյանը հիշատակել է նաեւ, որ կառավարության նիստերը առաջին անգամ ընթանում են բաց ռեժիմով, թեեւ նման գործելակերպ կար 2009-ից։ Փաստը, որ խորհրդարանի այգու դռները բաց են եւ Հայաստանի նախագահի նստավայրի դռները բաց են այցելուների համար, զուտ դրական անվանել նույնպես չի կարելի, քանի որ նկատելի է, որ այդ նորարարությունը հանգեցրել է այն բանին, որ այնտեղ կեղտոտ է»,- նկատել է Գեւորգ Պետրոսյանը։

Պատգամավորը նաեւ նշել է, որ երկիրը չի զգացել Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի արդյունքները, ինչպես եւ աննկատելի են ներդրումները, որոնք, ներկա իշխանությունների խոսքով, պետք է գային երկիր իշխանությունից Հանրապետական կուսակցության հեռանալուց անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ մամուլի ասուլիսը, որտեղ նա ամփոփել է իշխանափոխությունից հետո մեկ տարվա աշխատանքի արդյունքները։