ՀՀ ԶՈւ սպաների կատարած հանցագործությունների թիվը պարզապես աղետալի է։ Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, «2018 թվականին դատախազության գործունեության մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» կառավարող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ 2018 թվականին 138 սպա ենթարկվել է քրեական պատասխանատվության, եւ դա՝ այն դեպքում, երբ Հայաստանի զինվորական հաստատությունները մեկ տարում ավելի քիչ թվով սպա շրջանավարտներ են ունենում։ Քոչարյանը նշել է, որ սպաների թիվը հանցագործություն կատարած զինծառայողների մեջ 2018-ին կազմել է 25,7 տոկոս եւ աճի միտում ունի։ «Ավելին, եթե ղեկավարվենք սպաներ - զինվոր-ժամկետայիններ հարաբերական թվերով, ապա կպարզվի, որ սպաները ավելի շատ հանցագործություններ են կատարում»,- պարզաբանել է խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը։

Պատգամավորը նշել է, որ դատախազի հաշվետվությունում չի նշված, թե ինչպես պետք է պայքարել այդ ամենի դեմ, ինչը, ըստ նրա, տարակուսանք է առաջացնում։