Վաշինգտոնը զգուշացրել է Եվրամիությանը տնտեսական եւ քաղաքական հետեւանքների մասին, եթե վերջինս շարունակի զարգացնել իր սեփական պաշտպանական ծրագրերը, գրում է El Pais-ը` հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլեն Լորդի՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին ուղղված նամակում, հաղորդում է«ՌԻԱ Նովոստին»:

Նամակի տեքստում նշվում է, որ պաշտպանական ոլորտում Եվրամիության ներկայիս ծրագրերը սպառնում են 10-ամյա տրանսատլանտյան պաշտպանական արդյունաբերության ինտեգրմանը եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում ռազմական համագործակցությանը:

Մասնավորապես, Վաշինգտոնը դժգոհ է Եվրոպական պաշտպանության հիմնադրամի կանոնակարգի ընդունումից, որը թույլ է տալիս Եվրամիության երկրներին հրավիրել ոչ եվրոպական երկրներին մասնակցելու ծրագրերին, բայց միեւնույն ժամանակ այդ նախագծերից ցանկացածը լինելու է Եվրամիության մտավոր սեփականությունը:

Բացի այդ, ԱՄՆ-ն դժգոհ է նաեւ Մշտական կառուցվածքային պաշտպանության համագործակցության ծրագրի (PESCO) պայմաններից, որը ուղղված է ԵՄ 25 անդամ պետությունների ավելի սերտ համագործակցությանը:

Նամակում ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Եվրոպայում պաշտպանական հզորությունների  զարգացումը կհանգեցնի ռազմական համակարգերի կրկնօրինակմանը, որոնք փոխարինելի չեն, իսկ դա Լորդի կարծիքով, ծախսում է պաշտպանական ռեսուրսները եւ առաջացնում է մրցակցություն ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի միջեւ:

ԱՄՆ-ն  նաեւ պնդում է, որ նախագծերից հեռացնեն մտավոր սեփականության եւ արտահանման վերահսկողությանը վերաբերող պայմանները, ինչպես նաեւ վետոյի իրավունքի մասին կետը, որը թույլ է տալիս այհս կամ այն նախագիծն իրականացնող երկրին համագործակցության հրավիրել ցանկացած ձեռնարկությունների:

Նախատեսվում է, որ 2021-2027 թթ. բյուջեի շրջանակներում 4.1 մլրդ եվրո հատկացվելու է «մրցակցային եւ համատեղ հետազոտական նախագծերի» ֆինանսավորմանը: Անդամ պետությունների ներդրումներից բացի  ծախսերի համատեղ ֆինանսավորման հաշվին 8,9 միլիարդ եվրո կհատկացնեն նախատիպերի մշակմանը եւ դրա հետ կապված  հավաստագրման եւ փորձարկման ոլորտում պահանջներին: