Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր՝ նոյեմբերի 26-ին, շարունակվում է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստին դատարանը քննելու է Մանվել Գրիգորյանի դատական գործն իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից առանձնացնելու որոշումը։
Նշենք, որ նախորդ նիստին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին վատացավ։ Ամբաստանյալին շտապ օգնության աշխատակիցները դուրս հանեցին նիստերի դահլիճից։
Նախորդ նիստից հետո Գրիգորյանի պաշտպանները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ բացասական են գնահատում Գրիգորյանի գործը Ամիրյանի գործից առանձնացնելու որոշումը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։





























