Աշխարհի թանգարանները իրենց հավաքածուներից ներկայացրել են ամենանողկալի ցուցանմուշի կոչման առցանց թեկնածուներին, հայտնում է The Guardian-ը։

Վիրտուալ մրցույթը նախաձեռնել է Անգլիայի Յորրքշիրյան թանգարանը, որը ամեն շաբաթ սոցցանցերում տարբեր թեմաների շուրջ #curatorbattle հեշթեգով քննարկումներ է կազմակերպում։

Վերջին առաջարկությունը եղել է հավաքածուներից ամենասարսափելի առարկաների լուսանկարի տեղադրումը։

Թանգարանն ինքը սկսել է մ․թ․ 3-4 դարերի գերեզմանից հռոմեացի կնոջ մազափնջից, որի վրա այն ժամանակվա վարսակալ է եղել։

Շոտլանդիայի թանգարանները «պատասխանել են» սարսափելի «ջրահարսով»՝ փայլուն աչքերով եւ փտած ատամներով։ Կանադայում արքայազն Էդուարդի կղզու թանգարանը մրցույթին մասնակցել է «անիծված» մանկական խաղալիքով, որը աշխատակիցների խոսքերով, գտնվել է 155-ամյա առանձնատան պատի մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գերմանական պատմական թանգարանը իր էջում տեղադրել է ժանտախտով հիվանդ բժշկի դիմակ (1650-1750թթ․)։

Օքսֆորդի համալսարանին կից Էշմոլի թանգարանը առաջարկել է կախազարդ՝ մի կողմից մահացած մարդու, մյուս կողմից որդերի կողմից կերած, քայքայվող գանգի տեսքով։

Փիթ Ռիվերսի թանգարանը (նույնպես Օքսֆորդում) տեղադրել է «վրան ասեղներ եւ մեխեր խրած ոչխարի սիրտ, որը 1911թ․ հմայիլ է չար դավադրությունների դեմ»։

Յորքի ամրոցի թանգարանը վստահություն է հայտնել, որ կհաղթի վիկտորիանական դարաշրջանի իր ցուցանմուշը՝ ծովախեցգետնի չանչերի եւ թաթերի տեսքով թուղթ խաղացողները։

Յորքշիրի թանգարանի կոչին արձագանքել են նաեւ Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից եւ ԱՄՆ-ից թանգարանների աշխատակիցներ։