Տեսնելով՝ ինչպես է Իտալիան փորձում դուրս գալ մասշտաբային կարանտինից, ակներեւ է դառնում, որ Լոմբարդիայում՝ Եվրոպայում առավել տուժած երկրի շրջանում, ինչ-որ բան սխալ է ընթացել։

Իտալիան դարձել է արեւմտյան առաջին երկիրը, որը տուժել է կորոնավիրուսից․ զոհերի ընդհանուր թիվը հասել է 26 000-ի։ Երկիրը հաջորդում է ԱՄՆ-ին մահացածների ընդհանուր թվով։ Իտալիայում կորոնավիրուսով հիվանդության առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 21-ին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում էր, որ վիրուսը «զսպման փուլում է» եւ այնքան վարակիչ չէ, որքան գրիպը։

Սակայն կան նաեւ վկայություններ, որ ժողովրդագրական եւ բժշկական խնդիրները բախվել են քաղաքական եւ գործնական շահերի հետ, երբ 10 մլն բնակչություն ունեցող Լոմբարդիայում դեռեւս  չէին սպասում կորոնավիրուսի բռնկում։

Վարակաբաններն ու համաճարակաբաններն ասում են, որ ինչ-որ սխալ է տեղի ունեցել, դա կուսումնասիրվի տարիներով՝ հաշվի առնելով, որ բռնկումը խոցել է բժշկական համակարգը, որը երկար ժամանակ համարվում էր լավագույնը Եվրոպայում, մինչդեռ հարեւան Վենետոյում վարակի ազդեցությունը շատ ավելի վերահսկելի էր։

Միեւնույն ժամանակ դատախազները որոշում են՝ քրեական մեղադրանք առաջադրել ինչ-որ մեկին ծերանոցներում հարյուրավոր զոհերի պատճառով, որոնցից շատերն անգամ չեն երեւում Լոմբարդիայի զոհերի ընդհանուր թվի մեջ (13 269 մարդ), որն Իտալիայում զոհվածների ընդհանուր թվի կեսն է։

Իսկ բժիշկներն ու բուժքույրերը Լոմբարդիայում հերոսացվում են, քանի որ վտանգում են իրենց կյանքը հիվանդներին բուժելու համար արտակարգ սթրեսի, հյուծվածության, մեկուսացման եւ վախի պայմաններում։ ԱՀԿ-ի պաշտոնյաներից մեկի կարծիքով՝ դա հրաշք է, որ նրանց հաջողվել է փրկել այդքան կյանքեր։

Իտալիան առաջին եվրոպական երկիրն էր, որը դադարեցրել է օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ հունվարի 31-ին եւ անգամ սահմանել սքաներներ օդակայաններում, որպեսզի կատարեն ուղեւորների ջերմաչափում։ Սակայն դա չափազան ուշ էր։ Հունվարին եւ փետրվարին թոքաբորբը բուժող բժիշկները չգիտեին, որ դա կորոնավիրուս էր․ ախտանշանները նման էին, սակայն վիրուսը դեռեւս համարվում էր Չինաստանի տարածքում տարածված։

Քանի որ Լոմբարդիայի ինտենոսիվ թերապիայի բաժանմունքները ծանրաբեռնվել էին մի քանի օրվա ընթացքում, բազմաթիվ բժիշկներ փորձում էին բուժել եւ հիվանդների վիճակը վերահսկել իրենց տներում։ Այդ ռազմավարությունը մահացու էր, եւ շատերը մահացել էին տանը կամ հոսպատալացումից կարճ ժամանակ անց։