Թուրքական լիրան պատմական ցածր մակարդակի է հասել ԱՄՆ դոլարի նկատմամբ , քանի որ իշխանությունների կողմից արժույթի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու փորձերը, կարծես, տհաճ հետեւանքներ են ունեցել, գրում է FT-ն:

Լիրան դոլարի նկատմամբ ընկել է 1.3 տոկոսով այն բանից հետո, երբ Թուրքիայի բանկային կարգավորիչը փորձեց զսպել արժութային սպեկուլյացիաները, ինչը բարդացրեց լիրա ձեռք բերելն օտարերկրյա ներդրողների կողմից : Ինչ-որ պահի լիրան վաճառվում էր 7.16 դոլարով, մինչեւ վերականգնվելը 7.15-ի մակարդակում: Անկումը տեղի է ունեցել Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի` արտասահմանյան ներդրողներին ուղղված ելույթից առաջ: «Մեր կարծիքով, Ալբայրաքի այսորվա վիդեոկոնֆերանսը առանցքային նաշանություն կունենա կենտրոնական բանկի արձագանքման գործառույթի գնահատման համար»,- նշում են Citigroup-ի վերլուծաբանները` հավելելով, որ իրենք շարունակում են ավելի թույլ լիրա ակնկալել միջնաժամկետ հեռանկարում:

Անկարան երկար ժամանակ պայքարում էր լիրայի անկումը կանխելու համար, ինչը Թուրքիայի շատ քաղաքացիներ երկրի տնտեսական առողջության բարոմետրն են համարում: Ջանքերն ակտիվացել են վերջին շաբաթվա ընթացքում, քանի որ կորոնավիրուսի համավարակը ճնշում է գործադրել ձեւավորվող շուկայով երկրների արժույթների վրա եւ խնդիրներ է ի հայտ բերել այնպիսի երկրներում, ինչպիսին Թուրքիան է, որոնք արտաքին ֆինանսավորման մեծ կարիք ունեն եւ խոցելի են համարվում:

Թրեյդերներն ասում են, որ պետական բանկերը կենտրոնական բանկի անունից միլիարդավոր դոլարներ են վաճառել բաց շուկայում` փորձելով պահել լիրան` քայլ, որը խիստ ազդել է երկրի արտարժույթային պահուստների վրա:

Մինչդեռ իշխանությունները միջոցներ են ձեռնարկել, որպեսզի օտարերկրյա ներդրողներին ավելի դժվար լինի արտարժույթի անկման հույս ունենալ: Բանկային կարգավորիչը բազմիցս կրճատել է արտարժույթի սվոփերի եւ նման այլ օպերացիաների լիմիտը, որոնք թուրքական բանկերը կարող են իրականացնել արտասահմանյան գործընկերների հետ:

​