Շուշիի ազատագրմամբ ավարտված «Հարսանիքը լեռներում» օպերացիայի հաջողությունը բացառիկ նշանակություն ուներ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարում, այլ էապես փոխեց ողջ հայ ժողովրդի հոգեբանությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

Նա նշեց, որ այդ հաղթանակից հետո հայ ժողովուրդը ոգեշնչվեց: «Մինչ Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մոտ «ընկճվածի» հոգեբանություն էր նկատվում: Սակայն օպերացիայից հետո մեր ժողովուրդը հավատաց, որ կարող է հաղթել: Ի դեպ, նաեւ թշնամու մոտ փոխվեց  «ընկճված հայի» հոգեբանական կերպարն այդ օպերացիայից, եւ, ընդհանարպես, ղարաբաղյան պատերազմից հետո»,- նշեց Ջամալյանը` ավելացնելով, որ ժամանակն է ֆիլմ նկարահանել Շուշիի ազատագրման մասին:

Մայիսի 8-ին լրանում է ռազմավարական նշանակության Շուշի քաղաքի ազատագրման բացառիկ օպերացիայի 19-ամյակը: Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի շրջանում Շուշին վերածվել էր ադրբեջանական զինվորական հենակետի։ Հակառակորդը, օգտագործելով քաղաքի բարձրադիր դիրքը, արդեն 1991 թվականի ավարտին սկսեց գնդակոծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։ Իրավիճակը կտրուկ վատացավ 1992 թվականի փետրվարին, երբ ադրբեջանցիներն սկսեցին «Գրադ» զինատեսակ օգտագործել:

Օպերացիան սկսվեց 1992 թվականի մայիսի 8-ի գիշերը՝ 02։45-ին։ Շուշին պաշտպանում էր մինչեւ ատամները զինված 2500 ադրբեջանցի զինվորական։ Հայկական կողմից հարձակմանը մասնակցում էր 3800 կամավոր՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի  Տոր-Թադեւոսյանի գլխավորությամբ։ Ճակատը եղել է 45 կմ։ Հարձակումն իրականացվել է մի քանի ուղղություններով։

Կայծակնային արագությամբ իրականացված օպերացիան թույլ տվեց այն անցկացնել նվազագույն մարդկային կորուստներով։ Հայկական կողմը կորցրեց 58 մարտիկ, ադրբեջանական կողմը՝ շուրջ 200։