Երկրապահի օրվա եւ Շուշիի ազատագրման կապակցությամբ, «Բազե» ակումբի անդամներն այցելել են պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս  Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդները ծանոթացել են սպարապետի կյանքին, գործունեությանը, թանգարանի ավելի քան 1000 ցուցանմուշներին։

Ըստ թանգարանի փոխտնօրեն Երանուհի Մուսիկյանի, Վ. Սարգսյանի տուն-թանգարանը գործում է 2001թ. մարտի 5-ից։ Այն տարեկան հյուրընկալում է 27-30 հազար այցելուի։ «Երիտասարդներին հիացնում է սպարապետի տեսակը, նրանք մեծ ցավով են դուրս գալիս թանգարանից եւ ափսոսում, որ հնարավորություն չունեն անձամբ շփվելու Վ. Սարգսյանի հետ։ Այցելուներն այստեղ գալիս են սպարապետի կարոտն առնելու»,- նշել է թանգարանի փոխտնօրենը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ թանգարանն ընդլայնելու ծրագրեր կան. նախատեսվում է առաջիկայում այստեղ բացել եւս մեկ ցուցասրահ։   

Վ. Սարգսյանի ծննդավայրում՝ Արարատ գյուղում, «Բազե» ակումբի անդամներին միացել են նաեւ Արարատի մարզի երիտասարդները եւ գյուղի մշակույթի տանը դիտել Վ. Սարգսյանի կյանքին եւ արցախյան հերոսամարտին նվիրված «Զինվոր» փաստագրական ֆիլմը։