«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության անդամ ավելի քան 2000 երիտասարդներ այսօր` մայիսի 9-ին այցելել են Հաղթանակի զբոսայգի եւ Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում եւ Արցախյան հերոսամարտում զոհված հայերի հիշատակին:
Նախաձեռնության ղեկավար Ռուբեն Բաղդիշյանը նշել է, որ անընդունելի եւ վտանգավոր են ոմանց փորձերը այս օրերին երկրորդ պլան մղել Երկրորդ աշխարհամարտում հայ ժողովրդի պայքարը` միայն Շուշիի ազատագրման օրվա մասին բարձրաձայնելով: «Շուշիի ազատագումը փառահեղ մի իրադարձություն է, սակայն այս օրը վկայակոչել այդ հաղթանակը որպես Հայրենական Մեծ պատերազմում հայ ժողովրդի ավանդը նվազեցնելու փաստարկ առնվազն ծիծաղելի է»,- նշել է Բաղդիշյանը: Նա հիշեցրել է, որ մեկ շնչին բաժին ընկնող ԽՍՀՄ հերոսների թվով Հայաստանը առաջին տեղն էր զբաղեցնում ողջ Խորհրդային Միությունում: «Երկու հաղթանակներն էլ այս օրը պետք է ոգեկոչվեն հավասարապես», եզրափակել է նա:
Մայիսի 9-ը հայերի համար եռակի տոն է` Երկրորդ համաշխարհայինում տարած Հաղթանակի օրը, Շուշիի փառապանծ ազատագրումն ու ԼՂՀ բանակի օրը:




























