Արցախյան գոյամարտի հերոսների սխրանքը համարժեքորեն չի գնահատվում իշխանությունների կողմից: Այդ մասին հայտարել է Արցախյան պատերազմի հերոս, լեյտենանտ Մյասնիկ Գասպարյանի մայր Սուսաննա Գասպարյանը` Երեւանում իր որդու հիշատակին նվիրված ցերեկույթի ընթացքում:
Ծնունդով Արթիկ քաղաքից ընդամենը 22 տարեկանում ընկած Մյասնիկ Գասպարյանի (Միրոյի) խիզախության մասին Արցախյան հերոսամարտի մասնակիցների շրջանում լեգենդներ են պտտվում:
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` հանրահայտ Կոմանդոսը, հիշեցրել է Միրոյի հայտնի սխրանքը. 1992թ. նա հաջողացրել է ադրբեջանցիների քթի տակից գերեվարել 2 տանկ եւ տեղափոխել դրանք հայկական զինուժի կողմ:
Միրոյի մարտական ընկերները ցերեկույթի ընթացքում նշել են, որ Արթիկի քաղաքապետարանը (քաղաքապետ` Խաչատուր Վարաքյան) ընթացք չի տալիս արթիկցի հերոսի անունով փողոց անվանակոչելու դիմումին: Միրոյի հիշատակը հավերժացնելու համար քաղաքապետարան միջնորդագրեր են ներկայացրել Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարությունները:
Հերոսի մայր Սուսաննա Գասպարյանը հայտարարել է, որ մոտ ապագայում Երեւանում պատրաստվում է մամուլի ասուլիս կազմակերպել եւ իրազեկել լրատվամիջոցներին տեղական ինքնակառավարման մարմինների կողմից զոհված հերոսների հիշատակի հանդեպ դրսեւորվող վերաբերմունքի մասին:




























