117 հայտնի մտավորականներ դիմել են Սահմանադրական դատարան` ընդդեմ Երեւանի Ուսանողական այգում շինությունների կառուցման:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունից, դիմումում, մասնավորապես, ասվում է.
«Մոտ մեկ տարի առաջ սկսվեց ավերվել Երեւանի խորհրդանիշներից մեկը՝ Ուսանողական այգին, որում երկու զվարճանքի օբյեկտներ են կառուցվում։ Հայաստանի բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներից, այդ թվում ՀՀ նախագահից անպատասխան մնացած 20.000 ստորագրությունները, բազմաթիվ նամակներն ու բողոքի ակցիաները վկայում են երեւանցիների կարծիքի աննախադեպ ոտնահարման եւ մեր արժեքներին ուղղված բարոյական ապտակի մասին։
Հանուն մասնավոր շահի գերադասեցին տրորել ՀՀ Ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի պատիվը, մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած աստղադիտարանն ու այգին եւ Հայաստանի Ազգային գրադարանի` լռության միջավայր ունենալու գործնական իրավունքը։
Ամեն ինչից բարձր համարելով Հայաստանի քաղաքացու արժանապատվությունը եւ սեփական հանրային տարածքին տեր լինելու իրավունքը, անցնելով ՀՀ վարչական դատարանի բոլոր ատյաններով` այժմ ՀՀ Սահմանադրական դատարան ենք փոխանցում 117 քաղաքացիների, այդ թվում հայտնի մտավորականների, համատեղ դատական հայցը։
Հաղթանակներ տոնելով՝ չդնենք մեր պարտության հիմքերը մեր տան մեջ»:
117 համահայցվորների թվում են.
ակադեմիկոս Վիլեն Հակոբյան
ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյան
երգիչ Ռուբեն Հախվերդյան
պատմաբան Բաբկեն Հարությունյան
բնապահպան Կարինե Դանիելյան
ակադեմիկոս Գեւորգ Բրուտյան
ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյան
դերասան Աշոտ Ադամյան
բնապահպան Ինգա Զարաֆյան
Շահեն Մեղրյանի այրի Ստելլա Մեղրյան
հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյան
իրավապաշտպան Ավետիք Իշխանյան
ջազ երաժիշտ Դավիթ Նալչաջյան
լրագրող Բորիս Նավասարդյան
ռեժիսոր Արա Շիրինյան
ճարտարապետ Լեւոն Վարդանյան
եւ տասնյակ արվեստագետներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ այլ քաղաքացիներ։




























