Երեւանում այսօր` մայիսի 10-ին, ժամը 13-ի սահմաններում Բագրատունյաց եւ Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում մահվան ելքով տեղի է ունեցել վրաերթ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ՎԱԶ-2107» մակնիշի 35 ՏՏ 005 տաքսի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն մի կնոջ, ով տեղում մահացել է: Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, նրան դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան տեղափոխել է հիվանդանոց: Վրաերթի հետեւանքով մահացածը 48-ամյա Ադիլա Անուշավանյանն է:
Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ:
Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը: Դեպքի վայրում էր նաեւ ՃՏՀ քննության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Շմավոնյանը:
Այս պահին դեպքի վայր է ժամանել դիակ տեղափոխող մեքենան, որպեսզի քննչական գործողություններից հետո մահացածի դին տեղափոխի դիահերձարան:
Պարզվել է նաեւ վարորդի ինքնությունը, նա 22-ամյա Արմեն Մեսրոպյանն է:










Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























