Հայաստանում պետական կառույցների կողմից տեղեկատվություն տրամադրելու ժամկետների հետ կապված լուրջ խնդիրներ կան: Այս մասին այսօր` մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը: Նրա խոսքով, լրագրողների հարցերին ավելի դժկամությամբ են պատասխանում, քան սովորական քաղաքացու, քանի որ լրագրողի դեպքում մի քիչ ավելի են մտածում:
Դոյդոյանի ներկայացմամբ, տարբեր պետական կառույցների ուղարկված 50 հարցումներից միայն մեկ դեպքում է կիրառվել օրենքը, երբ հնգօրյա ժամկետում չտրամադրելով ինֆորմացիա, զանգել եւ տեղեկացրել են այդ մասին: Մշակույթի նախարարությունը ամենաօպերատիվն է գտնվել` հարցմանը պատասխանելով 4 օրվա ընթացքում: 14 տոկոս հարցումներին տրվել է ուշացած պատասխան, ընդ որում` պատասխանի տրամադրման միջին ժամկետը 13-15 օր է, մինչդեռ օրենքում նշվում է հարցման պահից սկսած մինչեւ 5 օր:
Շուշան Դոյդոյանի խոսքով` նախարարությունները պետք է հատուկ քայլեր ձեռնարկեն, որ իրենց պաշտոնական կայքերում ինֆորմացիան թարմացվի: «Լավ կլինի, եթե բացի հաճելի լուրերից, տեղադրեն նաեւ մյուս լուրերը, որոնք անհրաժեշտ են հանրությանը: Լավ կլիներ, որ քաղաքի ցուցապաստառների վրա գրված լինեն Ավագանու կամ քաղաքապետի որոշումները, որպեսզի քաղաքացին տեսնի»,- ասաց նա, հիշեցնելով, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածում թվարկված մի շարք տեղեկատվություններ ենթակա են պարտադիր հրապարակման, ինչը սակայն չի արվում: Նրա կարծիքով`պաշտոնյանների` «տեղեկատվությունը մեր սեփականությունն է, կուզենք կտանք, կուզենք չենք տա» մտածողությունը պետք է արմատախիլ արվի: «Տեղեկատվություն տալը իրենց հիմնական պարտավորություններից է, ոչ թե բարի կամքի դրսեւորում: Տեղեկատվություն ստանալու իրավունքի ակտիվ օգտագործում պետք է լինի: Պահանջատերի գործոնը շատ կարեւոր է»,- ասաց Դոյդոյանը:




























