Այս պահին Երեւանի քաղաքապետարանում մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի շատրվանները քանդելու վերաբերյալ նախագիծ չի քննարկվում: Այս մասին մայիսի 10-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

Նշենք, որ տեւական ժամանակ է մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ շատրվանները քանդվելու են եւ տարածքում հյուրանոց է կառուցվելու: Մասնավորապես «Հրապարակ» իր համարներից մեկում օրաթերթը գրել էր. «Մեզ հասած տեղեկություններով՝ կառավարությունում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է քանդել մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի շատրվանները եւ այդ տարածքում հյուրանոց կառուցել։ Թերեւս իր այդ քայլով Երեւանի քաղաքապետարանն ուզում է «ազատվել» քաղաքի նախկին տեսքը հիշեցնող շինություններից։ Ի դեպ, ժամանակին այդ շատրվաններն ընդգրկված են եղել Երեւանի հուշարձանների ցանկում, սակայն ժամանակ առաջ հանվել են ցանկից»: