Երեւանի Ազատության եւ Ադոնց փողոցների խաչմերուկից 30 մետր ներքեւ, աջ հատվածում, կանաչ տարածքների հաշվին շինարարություն է իրականցվում: Այս մասին երեկ` մայիսի 10-ին, NEWS.am-ի խմբագրություն է ահազանգել ընթերցողներից Անդրանիկ Մելիքջանյանը: Նրա խոսքով, այդ տարածքում կանաչ տարածքը ենթակա է ոչնչացման եւ երկու օր է, ինչ ծառերի շուրջը արդեն շինության հիմքի լցման աշխատանքներ են ընթանում:
«Կարեն Կարապետյանի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես, որ ծառեր չեն հատվելու կանաչ գոտիներում, կանաչ տարածքների հաշվին շինարարություն չի ընթանալու»,- գրել էր քաղաքացին`ուղարկելով նաեւ տարածքի լուսանկարները:
Այս առթիվ NEWS.am-ը ահազանգեց Բնապահպանության նախարարությանը եւ Երեւանի քաղաքապետարանին: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հրաժարվեցին բանավոր պատասխանել, խորհուրդ տալով գրավոր հարցում ուղարկել, որպեսզի կարողանան ճշտել, թե այդտեղ ո՞վ է իրականացնում շինարարարությունը եւ արդյոք ունի՞ թույլտվություն: Բնապահպանության նախարարությունը օպերատիվ կերպով արձագանքեց ահազանգին եւ տեսուչները մեկնեցին տարածք: Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տեսուչները անմիջապես մեր զանգից հետո մեկնել են եւ ականատես եղել, որ այնտեղ շինարարություն աշխատանքներ են իրականացվում, սակայն այնտեղ մարդ չի եղել, որից կկարողանային ճշտել, թե ով են իրականացնում շինարարությունը, նաեւ թե այդ տարածքը սեփականշնորհվա՞ծ է, թե՞ պետական:
«Հատված ծառ ներկա դրությամբ չկար, բայց կանաչ տարածքների հաշվին շինարարություն են անում»,- ասաց Հասմիկ Մկրտչյանը: Նրա խոսքով, առավոտյան տեսուչները նորից կմեկնեն` ճշտելու, թե ո՞վ է իրականցնում շինարարությունը եւ կպահանջեն փաստաթղթերը:



























