Հայաստանի բնապահպանության նախարարության «Սեւան ազգային պարկի» տնօրեն Արմեն Գնդոյանը չի հերքում, որ Սեւանա լճից ձկնագողություն է իրականացվում: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում`միաժամանակ հերքելով տեղեկություններն այն մասին, որ իրեն որպես «նալոգ» ձկնագողերից յուրաքանչյուրն ամիսը 30 հազար դրամ է վճարում: «Ես շատ ուրախ կըլնեի, որ Սեւանում էնքան ձուկ ըլներ, որ 300 ձկնորսական խումբ որսագողություն աներ ու ինձ էլ նալոգ կարողանային տալ: Դա նշանակում ա, որ Սեւանում յեսիմինչքան ձուկ պըտի ըլներ: Բայց, ցավոք սրտի, էդքան ձուկ չկա: Տա Աստված, որ Սեւանում էնքան ձուկ ըլնի, ինչքան որ ասում են»,-հայտարարեց Գնդոյանը:
Նա նշեց, որ եթե նման չափի «նալոգի» մասին է խոսվում, դա նշանակում է, որ որսագողերը ահռելի եկամուտ ունեն, ինչը հնարավոր է միայն մեծ քանակությամբ ձուկ որսալու դեպքում: Եւ բացի այդ, ըստ Գնդոյանի, եթե ամեն օր 300 ձկանագող ձուկ որսա լճից, ապա լճի ողջ ձկնային պաշարը կվերանա:
Գնդոյանի ներկայացմամբ` ձկնագողությունն իսպառ բացառել հնարավոր չէ եւ հավելեց, որ ձկնագողերի թիվը հազիվ 30-40 է, իսկ սիգի ու իշխանի ձկնագողերը «հատուկենտ են»: Հարցին, թե ինչո՞ւ չի կանխվում թեկուզ այդքան թվով որսագողերի ապօրինի գործողությունները` «Սեւան ազգային պարկի» տնօրենն արձագանքեց, թե «անհնարին ա կանխելը»: «Էդ մասին հարցրեք նաեւ ոստիկանսությանը: Բռնում էլ են, արձանագրություն էլ կազմում, ակտավորում էլ ենմ մի երկու հատ էլ քրեական գործ են բացել»,-հավաստիացրեց Գնդոյանը: Նա նաեւ հավելեց, որ լճից թույլատրվում է միայն խեցգետնի եւ կարասի որսը, իսկ սիգի ու իշխանի ձկնագողերը տուգնվում են: Ըստ այդմ` մեկ սիգը գնահատվում է 5000 դրամ եւ այդ գումարի չափով քառապատիկ տուգանք է սահմանվում: Իսկ իշխանի՞ դեպքում տուգանքն ինչքան է` հարցին Գնդոյանը արձագանքեց` քահ-քահ ծիծաղելով. «Վա~յ, իշխան բռնողը վաբշե կորած ա: 40-50 հազար դրամ ա տուգանքը»:
Նշենք, որ 2007-2010 թթ. ժամանակահատվածում Սեւանա լիճ է բաց թողնվել շուրջ 1 միլիոն հատ գեղարքունի եւ ամառային իշխանի մանրաձուկ: «Սեւանա լճի արդյունագործական ձկնատեսակների եւ խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ» ծրագրի շրջանակներում որոշում է կայացվել արգելել 2011 թ. Սեւանա լճում սիգի որսը: Ըստ այդ որոշման, խեցգետնի որսը սահմանափակվել է 210 տոննայով, իսկ կարասի որսն պետք է իրականացվի 70-80 տոննայի սահմաններում:
Բնապահպանների համոզմամբ, այս արգելքները արդյունք չեն տալիս, քանի որ կարասի որսի անվան տակ ձկնագողերը նաեւ սիգ են որսում:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, մոտ 300 ձկնորսական խմբեր կանոնավոր զբաղվում են ձկան եւ խեցգետնի որսով։ 2-3 հոգուց կազմված որսագողերի խմբերը 50-60 մետրանոց ձկնորսական ցանցեր են նետում լճի մեջ։ Արգելված որսի կանխումը պետք է իրականացնեն ոստիկանությունը եւ Սեւան ազգային պարկը, սակայն, ըստ մամուլի, այս երկուսն էլ աչք են փակում դրա վրա։ Ավելին, որս անելու համար ձկնագողերը «նալոգ» են վճարում՝ ամիսը 30 հազար դրամ։




























