Թերթը գրում է, որ թեպետ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս արտահայտել է մտահոգություն Սեւանա լճի ջրահավաք ավազանում շինարարության եւ մասնավորապես Սոթքի հանքավայրի շահագործման վերաբերյալ, սակայն շինարարությունը ոչ միայն չի դադարեցվել, այլեւ շարունակվում է լայն թափով:

Մինչդեռ «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից Սոթքի հանքավայրի շահագործումը խախտում է Սեւանի օրենքը, որտեղ սեւով սպիտակի վրա ամրագրված է. Սեւանին հարակից տարածքում չի կարելի հանք շահագործել, քանի որ հանքարդյունաբերության թափոնները լցվում են Սեւան:

«Բոլոր հետազոտությունները վկայում են քաղցրահամ ջրի կարեւորության մասին: Սեւանը եզակի լիճ է, որն ունի քաղցրահամ ջուր, մինչդեռ այսօր ոչինչ չի ձեռնարկվում այդ քաղցրահամ ջուրը պահպանելու ողղությամբ: 20 տարի հետո քաղցրահամ ջուրն ավելի թանկ կլինի, քան ոսկին կամ երկաթը», նշել է «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը:

Օրեր առաջ բնապահպաններն այցելել են Սոթք` հանրային լսումներ կազմակերպելու: «Գեոպրոմայնիգի»-ի ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել քննարկմանը: «Եթե կորցնենք Սեւանը, կկորցնենք ողջ հանրապետությունը», հայտարարել են բնապահպանները, սակայն` անարդյունք: «Գեոպրոմայնինգ»-ում մտադիր չեն հրաժարվել հանքի շահագործման ծրագրից:

Ընդհանրապես հանքարդյունաբերությունը վնասում է ոչ միայն շրջակա միջավայրին, գյուղատնտեսական հողերը դառնում են անմշակ, իսկ ոչ ճիշտ գործունեությունից թափոնները լցվում են գետերը: Թունավորվում է հողը, այնուհետեւ նաեւ այդ հողում աճեցված գյուղմթերքը:

Նման իրավիճակ կարելի է տեսնել հանքարդյունաբերական բոլոր կենտրոններում` Ալավերդիում, Ախթալայում, Քաջարանում, Կապանում: Հետազոտություններով պարզվել է, որ վերոնշյալ քաղաքներում աճեցված գյուղմթերքներում ծանր մետաղների պարունակությունը մի քանի անգամ գերազանցում է նորման: Թեպետ բժիշկներն առայժմ չեն հաստատում այդ վարկածը, սակայն չի բացառվում, որ այդ շրջաններում առկա բազմաթիվ հիվանդությունների, մասնավորապես քաղցկեղի առաջացման հիմքը թունավորված գյուղմթերքների օգտագործումն է:

Սեւանի պարագայում վտանգված են ոչ միայն քաղցրահամ ջուրը, Սեւանի վտակներով ոռոգվող գյուղատնտեսական հողերն ու այնտեղ աճեցվող գյուղմթերքները, այլեւ Սեւանում առկա ողջ ձկները, որոնք թունավորված ջրի պայմաններում չեն կարող բազմանալ: