NEWS.am-ը ներկայացնում է թուրքական «Today`s Zaman»-ում հրապարակված Բերիլ Դեդեօղլուի հոդվածը:
Ալ Քայիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանության թեմայով բանավեճը գնալով ընդլայնվում է: Ոմանք պնդում են, որ սպանվածը Բեն Լադենը չէ: Դրան հաջորդեց սպանվածի կեղծ լուսանկարների խնդիրը:
Վերջապես, մարդիկ վիճում են Բեն Լադենի մարմինը ծովը նետելու ամերիկյան իշխանությունների որոշման վերաբերյալ: Ամերիկացի չինովնիկները հայտարարեցին, որ հարգել են իսլամական ավանդույթները, սակայն հայտնի է, որ մուսուլմանները իրենց մահացածներին ծովը չեն նետում: Ոմանք էլ կարծիք են հայտնում, որ սպանվածը չէր կարող լինել Բեն Լադենը, քանի որ նա վաղուց է սպանվել, իսկ տեղի ունեցածը հոլիվուդյան ոճի շոու էր:
Սակայն եթե ԱՄՆ նախագահը որոշել է ամբողջ աշխարհին հայտնել Ալ Քայիդայի առաջնորդի մահվան մասին` կարեւոր է իմանալ, որ ԱՄՆ-ն որոշել է իր քաղաքականությունը ձեւավորել Բեն Լադենի մահվան փաստին համապաստախան: Մենք պետք է ընդունենք, որ Օբամայի վարչակազմը թույլ է տվել մի քանի սխալներ, որոնցից կարող են օգտվել նրա ընդդիմախոսները: Բեն Լադենի ոչնչացման գործողության ռազմական հատվածը կարելի է հաջողված համարել, սակայն դրա քաղաքական փուլը ճիշտ չի կառավարվում:
Բեն Լադենի տնային վիդեոն, որ թողարկել է Պենտագոնը վատ կառավարման օրինակներից է: Տվյալ տեսագրությունը համեմատում են Բեն Լադենի նախորդ տեսագրությունների հետ եւ լուրջ տարբերություններ են տեսնում: Համեմատությունները զգալի են եւ թույլ են տալիս ապացուցել, որ կան մարդիկ, որոնք լրջորեն զբաղված են Բեն Լադենի ոչնչացման գործողության ճշմարտացիությունը կասկածի տան դնելու վրա:
Ենթադրենք, որ այդ գործողությունը ամբողջովին մտացածին է: Այդ դեպքում պետք է պարզել, թե ով է պատրաստվում դրանից օգուտ քաղել: Եթե կեղծարարությունը հաստատվի, ապա Ալ Քայիդան կլինի այս խաղի խոշորագույն հաղթողը: Դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ն դիտավորյալ ցուցադրել է շոու, որն ի վերջո ծառայելու է Ալ Քայիդայի նպատակներին: Եթե ապացուցվի, որ գործողությունը բեմականացում էր, ապա դա հզորագույն հարված կլինի Օբամայի վարչակազմին եւ դեմոկրատներին: Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ Բեն Լադենի մահվան շուրջ տարածվող լուրերի իրական թիրախը հենց Բարաք Օբաման է:
Կեղծ գործողություն անցկացնելու Օբամայի հրամանի մասին պնդումները ուղղված են նրա վարչակազմի նոր մերձավորարեւելյան քաղաքականության եւ պետական շինարարության քայլերի դեմ: Եթե համագործակցության, ժողովուրդների ինքնիշխանության, զինվաժ ուժերի գլոբալ կրճատման, Ռուսաստանի հետ մերձեցման, մուսուլմանական աշխարհի հետ խաղաղության կնքման վրա հիմնված Օբամայի արտաքին քաղաքականության ձախողման տպավորությունը ահագնանա, ապա կարող է եւս մեկ անգամ իրագործվել բռնազավթման եւ միակողմանի ռազմական պարտավորությունների վրա հիմնված Բուշի քաղաքականությունը: Նեոպահպանողականները, որոնք կցանկային դա տեսնել դեռ ակտիվ են ԱՄՆ-ում եւ շատ այլ երկրներում:
Դժվար է պատկերացնել, որ Օբամայի վարչակազմը ռիսկի է դիմել միայն խաբելու համար: Միեւնույն ժամանակ, չափազանցված է դառնում վարչակազմի ջանքերն ապացուցել, որ Ալ Քայիդան իսկապես պատկանում էր Բեն Լադենին եւ նա իսկապես սպնված է: Հնարավոր է, որ այս բանավեճը խրախուսվում է` թեման մինչեւ հաջորդ նախագահական ընտրություններ ակտուալ պահելու համար:
Ցավալի է, որ Բեն Լադենի վախճանն այժմ ավելի կարեւոր է համարվում, քան Ալ Քայիդայի ոչնչացումը: Ըստ ամենայնի, համաշխարհային հասարակական կարծիքը հակված է կարծել, որ կազմակերպության առաջնորդի մահը նաեւ նշանակում է կազմակերպության վերջը: Եթե Բեն Լադենի մահվան եւ ահաբեկչության ռիսկերի նվազման միջեւ կապ չդրսեւորվի եւ եթե ԱՄՆ վարչակազմը չկարողանա ցուցադրել, որ արդյունավետ է գործում ահաբեկչության դեմ, ապա Օբամայի մրցակիցները բազմաթիվ նախընտրական առավելություններ կստանան:





























