Զեյթուն վարչական շրջանի Ազատության պողոտա-24 հասցեում  ապօրինի շինարարություն չի իրականացվում, թույլտվությունն առկա է: Այս մասին մայիսի 11-ին NEWS.am-ին հայտնեց Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Երեւան քաղաքի բաժնի պետ Սամվել Շահգալդյանը:

Հիշեցնենք, որ երեկ NEWS.am-ի խմբագրություն էր ահազանգել ընթերցողներից Անդրանիկ Մելիքջանյանը, ով ասել էր, որ Ազատության եւ Ադոնց փողոցների խաչմերուկից 30 մետր ներքեւ, աջ հատվածում, կանաչ տարածքների հաշվին շինարարություն է իրականացվում: Նրա խոսքով` այդ տարածքում կանաչ տարածքը ենթակա է ոչնչացման եւ երկու օր է, ինչ ծառերի շուրջը արդեն շինության հիմքի լցման աշխատանքներ են ընթանում. «Կարեն Կարապետյանի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես, որ ծառեր չեն հատվելու կանաչ գոտիներում, կանաչ տարածքների հաշվին շինարարություն չի ընթանալու»,- գրել էր քաղաքացին`ուղարկելով նաեւ տարածքի լուսանկարները: Այս առթիվ NEWS.am-ը ահազանգել էր Բնապահպանության նախարարությանը եւ Երեւանի քաղաքապետարանին:

Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հրաժարվեցին բանավոր պատասխանել, խորհուրդ տալով գրավոր հարցում ուղարկել, որպեսզի կարողանան ճշտել, թե այդտեղ ո՞վ է իրականացնում շինարարարությունը եւ արդյոք ունի՞ թույլտվություն: Բնապահպանության նախարարությունը օպերատիվ կերպով արձագանքեց ահազանգին եւ տեսուչները մեկնեցին տարածք: Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ տեսուչները անմիջապես մեր զանգից հետո մեկնել են եւ ականատես եղել, որ այնտեղ շինարարություն աշխատանքներ են իրականացվում, սակայն այնտեղ մարդ չի եղել, որից կկարողանային ճշտել, թե ով են իրականացնում շինարարությունը, նաեւ թե այդ տարածքը սեփականշնորհվա՞ծ է, թե՞  պետական: «Հատված ծառ ներկա դրությամբ չկար, բայց կանաչ տարածքների հաշվին շինարարություն են անում»,- ասել էր Հասմիկ Մկրտչյանը: Նրա խոսքով` առավոտյան տեսուչները նորից կմեկնեն` ճշտելու, թե ո՞վ է իրականցնում շինարարությունը եւ կպահանջեն փաստաթղթերը:

Այսօր առավոտյան տեսուչները նորից մեկնեցին տարածք: Մեզ հետ զրույցում Սամվել Շահգալդյանը նշեց, որ Ազատության պողոտա-24 հասցեում իրականացվող շինարարության համար առկա է Երեւանի քաղաքապետարանի շինարարության թույլտվությունը, ծառերի հատման դեպք չի արձանագրվել: «Դա հավանաբար Ռելեի գործարանի նախկին տարածքն է ընկնում, շենքում կառուցում են հարսանյաց սրահ: Շինարարությունից հետո այդտեղ ավելի բարեկարգ, կանաչ եւ գեղեցիկ կլինի: Ծառերի կողքի հողի հատվածը թեք տարածք է, բետոնապատել են, որ ծառերը ջրելիս հողը չհոսի: Ամեն ինչ նորմալ է, կանաչ տարածքները չեն վնասվել, ապօրինի շինարարություն չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Շահգալդյանը: